21/03/2023 09:51
«Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ քրեական գործը կարված, ուղղորդված գործ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու պաշտպանները դատարանի դահլիճում և նախաքննական մարմնում, ԱԱԾ-ում բանավոր կերպով հայտարարել են, որ կասկածներ ունեն, որ իրավապահները Գրիգորի Խաչատուրովի հետևից են ընկել նրա՝ 2021 թվականի հայտարարության պատճառով, որի ժամանակ ՊՆ գեներալը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ասել է թե՝ նախաքննական մարմնում և դատարանի դռնփակ նիստում այդ հարցը բարձրացվել է:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մարտի 16-ին կալանավորվեց և այժմ գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում:
Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դա կարված ուղղորդված քրեական գործ է, որի վաղեմության ժամկետը 10 ամսից լրանում է»։