21/03/2023 14:17
Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, բնականաբար, այլ համատեքստում:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մամիջանյանի խոսքով՝ երբ Հայաստանի առջև կար տարբերակ՝ ապահովելու Արցախի առնվազն ստատուս քվո կարգավիճակի պահպանումը՝ հետագայում ինքնորոշման իրացման հույսով, Հայաստանն անհասկանալի իրեն պահեց:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա:
«Ինչպես կարելի է Արցախը տանել ու դնել բռնատիրական Ադրբեջանի կազմում․ դրա պատասխանը թող տան Փաշինյանն ու իր թիմակիցները, համենայնդեպս, ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի ՀՀ պաշտոնյաների համար», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Մամիջանյանը, դիմելով Ռուսաստանի գործընկերներին, հայտարարեց՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններից՝ նա ասաց, թե այդ բանակցությունները չարիք են:
«Վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: