21/03/2023 20:53
Ռուսաստանը բանակցում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ՝ մրցաշարերին իր հավաքականի մասնակցությունը վերականգնելու համար
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը բանակցում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) հետ՝ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությունը փուլային կերպով վերականգնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը։
«Դա բավականին բարդ բանակցային գործընթաց է, բանակցում ենք նաև հունիսին Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջնությանը մասնակցելու, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին աստիճանաբար վերադառնալու հարցերի շուրջ»,- ասել է Ռոգաչովը։
Նշենք, որ մարտի 23-ին Ռուսաստանի հավաքականը Թեհրանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ։ Մարտի 26-ին ռուսները ևս մեկ ընկերական խաղ ունեն նախանշված։ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը նրանց մրցակիցը կլինի Իրաքի ազգային հավաքականը
Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն 2022 թվականի փետրվարի 28-ին են որոշել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներին և ակումբներին թույլ չտալ մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Արգելքը սահմանվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության անցկացման կապակցությամբ: