22/03/2023 15:25
Հանրության իրազեկումը ջրային ռեսուրսների պաշտպանության և պահպանման կարևորության մասին. Ջրի համաշխարհային օր
Ջուրը կյանքի անկյունաքարն է և մարդկության կեցության ամենակարևոր բաղադրիչը։ Երկրի մակերևույթի 70%-ը ծածկված է ջրով, որից 97,5%-ը աղի ջուր է, իսկ մնացած 2,5% քաղցրահամ ջրից գրեթե 68,7%-ը բաղկացած է սառցաբեկորներից և սառցադաշտերից:
Մարդկանց օգտագործման համար հասանելի է մոլորակի ընդհանուր ջրային ռեսուրսների միայն մեկ տոկոսը: Այսօր աշխարհի բնակչության գրեթե կեսը՝ 3,6 միլիարդ մարդ, չունի անվտանգ սանիտարական պայմաններ, 2 միլիարդ մարդ չունի ապահով ջրի հասանելիություն, իսկ 1,4 միլիոն մարդ ամեն տարի մահանում է ջրի վատ որակի, և հիգիենայի հետ կապված խնդիրների պատճառով:
20-րդ դարից սկսած ջրօգտագործումն աճել է 6 անգամ և ավելի քան 2 անգամ գերազանցում է բնակչության աճի տեմպերը։ Զարգացած երկրներում արտահոսքի պատճառով կորչում է քաղցրահամ ջրի պաշարների մինչև 30%-ը, իսկ որոշ խոշոր քաղաքներում կորուստները կարող են հասնել, նույնիսկ, 70%-ի:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ջուրն կարևորվում է ոչ միայն ծարավը հագեցնելու, կյանքը և առողջությունը պահպանելու համար, այլև ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացման բոլոր ոլորտներում։
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան, ընդունելով 1993 թվականի փետրվարի 22-ի 47/193 բանաձևը, մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Այն անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում։ Համաձայն ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսի առաջարկությունների՝ այս օրը նշվում է 1993 թվականից։
Պետություններին կոչ արվեց Ջրի օրը նվիրել ՄԱԿ-ի հանձնարարականների և ազգային մակարդակով կոնկրետ գործողությունների իրականացմանը:
Ամեն տարի ՄԱԿ-ի որևէ գործակալություն նշանակվում է որպես Ջրի համաշխարհային օրվա համակարգող և պատասխանատու է նոր թեմայի առաջմղման համար՝ Համակարգող Վարչական կոմիտեի ղեկավարությամբ:
Ջրի համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցների ընդունմանը,
տեղեկացնել հանրությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պաշտպանության և պահպանման կարևորության մասին,
կառավարություններին, միջազգային գործակալություններին, ոչ կառավարական կազմակերպություններին և մասնավոր հատվածին ներգրավել ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը:
Այս օրը լոկ ամսաթիվ չէ, այլ ևս մեկ հնարավորություն՝ հիշեցնելու մարդկությանը ջրային ռեսուրսների ծայրահեղ կարևորության մասին շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար։
Բացի այդ, ամեն տարի օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումները նվիրված են կոնկրետ թեմային. տարբեր տարիներին օրվա կարգախոսներն էին՝
«Ջուր և կանայք», «Ջրային ռեսուրսները առողջության համար», «Ջուր և աղետներ», «Ջուր և մշակույթ» և այլն։
Այսպիսով, մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է մարդկությանը հիշեցնելու շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների ծայրահեղ կարևորության մասին։ Գործնական ջանքերը կարող են օգնել խորացնել հանրային ըմբռնումը այս ոլորտում և՛ խնդիրների, և՛ լուծումների վերաբերյալ: Դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է խոսքերը վերածել պարտավորությունների և գործողությունների՝ ընդհանուր թեմայի շրջանակներում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։