22/03/2023 20:52
Առողջություն, կենսակերպ և կյանքի որակ․ ինչպես են փոխկապակցված
Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից։ Հայտնի փաստ է՝ առողջ ապրելակերպ վարող մարդիկ ավելի «պաշտպանված» են և ավելի քիչ են հիվանդանում կամ առողջության հետ կապված խնդիրներ ունենում։
Առողջ ապրելակերպը համալիր հասկացություն է, ունի բազմաթիվ բաղադրիչներ՝ սկսած սննդակարգից, վերջացրած մարդու հոգեկան, հուզական վիճակով։ Առողջ ապրելակերպն ինքնին կենսակերպ է, որին հետևելու դեպքում անհրաժեշտ է հրաժարվել նախկինում ունեցած որոշ սովորություններից, փոխել նաև ֆիզիկական ակտիվության և հանգստի ռեժիմը։
Առողջ ապրելակերպը ենթադրում է նաև մարդու կենսագործությունեության ամենատարբեր ճյուղերի զարգացում, ինչպես նաև ցանկացած տարիքի մարդու լիարժեք ներգրավվածություն սոցիալական կյանքին, աշխատանքային գործունեությանը, ընտանեկան կյանքին։ Առողջ ապրելակերպը էականորեն բարձրացնում է մարդու կյանքի որակը, նպաստում է մարդու երկարակեցությանը։
Ժամանակակից՝ մերօրյա մարդու կյանքը շատ բաներով է տարբերվում ընդամենը 20, 30 տարի առաջվա կյանքից։ Պայմանավորված շրջակա միջավայրի խնդիրներով, մարդու կյանքի և առողջության վրա էկոլոգիական գործոնի մեծացած բացասական ազդեցությամբ, ֆիզիկական ակտիվության նվազեցմամբ, սննդի որակի փոփոխությամբ, սթրեսի ավելացմամբ և մի շարք այլ գործոններով, ժամանակակից մարդն ավելի ու ավելի շատ է սկսում գնահատել առողջ ապրելակերպ վարելու կարևորությունն ու դրա դրական ազդեցությունն օրգանիզմի և առողջության վրա։
Առողջ ապրելակերպի անցնելու համար մի քանի փուլեր է պետք «հաղթահարել», որից հետո նոր կենսակերպի անցած մարդն իր կյանքի որակը կբարձրացնի միանգամից մի քանի աստիճանով։
Օրվա ռեժիմի փոփոխություն
Առողջ ապրելակերպ վարելու առաջին նախապայմանն է օրվա ռեժիմը վերանայելը։ Գիշերային քունը պետք է կեսգիշերից ուշ չլինի, իսկ հանգստյան օրերին մինչը կեսօր քնելը պարզապես հակացուցված է։ Եթե օրվա ընթացքում չեք հասցնում նախատեսված բոլոր գործերն ավարտել, ուրեմն կամ պետք է վերաբաշխել դրանք կամ սովորել ավելի արագ ավարտել այն աշխատանքը, որի համար նախկինում մի փոքր ավելի ժամանակ էր տրամադրվում։ Դրա համար հարկավոր է համակարգված մոտեցում ցուցաբերել ժամանակը տնօրինելիս։
Ֆիզիկական ու մտավոր աշխատանքի և հանգստի ժամերը պետք է ռացիոնալ «օգտագործել», այլ կերպ ասած՝ օրն այնպես կազմակերպել, որ աշխատանքն ավարտելուց հետո ժամանցի և հանգստի համար բավարար ժամանակ մնա, իսկ գիշերային քունը 7-8 ժամից պակաս չլինի։ Հանգստյան օրերը նույնպես պետք է ռացիոնալ օգտագործել՝ կենցաղային խնդիրների լուծման համար հատկացվող ժամերից բացի, նաև լիարժեք հանգստի ժամանակ ունենալու համար։
Անցում առողջ սննդակարգի
Առողջ ապրելակերպի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է առողջ սննդակարգը։ Հարկավոր է սահմանափակել կենդանական ճարպերի, կենդանական սպիտակուցային սննդատեսակների ընդունումը, օրվա ռացիոնում ներառել բուսական կերակրատեսակները, հրաժարվել «արագ» սննդից, գազավորված ըմպելիքներից, չիպսերից, օրվա ընթացքում սնվել քիչ քանակությամբ, բայց՝ հաճախակի, հրաժարվել ուշ երեկոյան կամ քնելուց առաջ ընթրելու սովորությունից, նապատվություն տալ թարմ մթերքին, ավելի շատ հեղուկ օգտագործել, սահմանափակել ալկոհոլի, թունդ սուրճի կամ թեյի գործածումը։
Ֆիզիկական ակտիվություն պահպանել
Ֆիզիկապես պասիվ մարդը, որը նստակյաց կյանքն է իր համար դարձրել «ապրելակերպ», տարիների ընթացքում մի շարք խնդիրներ է ձեռք բերում՝ սկսած ավելորդ քաշի կուտակումից, վերջացրած հենաշարժողական համակարգի խնդիրներով։ Առողջ ապրելակերպը ենթադրում է ֆիզիական ակտիվություն։ Առողջ ապրելակերպի անցած մարդկանց համար անհրաժեշտ նախապայման է օրվա մեջ առնվազն 30 րոպե ֆիզիկական վարժություններին տրամադրեը, թեթև մարզանք կատարելը, երեկոյան մաքուր օդին զբոսնելը։ Ավելի ակտիվները կարող են մարզասրահ այցելել, առավոտյան վազել, լողի գնալ, հեծանիվ վարել։
Հրաժարվել վնասակար սովորություններից
Ծխախոտը, ալկոհոլը, վնասակար՝ աղի, կծու, թթու, ինչպես նաև արագ սննդից կախվածությունը ժամանակի ընթացքում քայքայում են առողջությունը։ Նոր կենսակերպի անցած մարդիկ այս բոլոր սովորությունները պետք է թողնեն անցյալում և կյանքին նոր որակ հաղորդելու համար այլ՝ օգտակար «սովորություններ»՝ ձեռք բերեն՝ սպորտ, զբոսանք և այլն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։