22/03/2023 12:43
ՔՊ-ն չի մասնակցի Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ իրենք չեն դատում Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանին:
«Առաջարկում ենք խնդիրը դարձնել ՍԴ քննության առարկա, այն նույն դատարանի, որի անդամների զգալի մասին դուք եք ընտրել: Մեր հիմնավոր ու փաստարկված կարծիքով՝ Սեդա Սաֆարյանը խախտել է անհամատեղելիության պահանջներն, ու առաջարկում ենք հարցի քննարկումը փոխանցել ՍԴ», - դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Օհանյանը:
«Թող Սահմանադրական դատարանն իր իսկ աշխատողին գնահատական տա՝ խախտում եղե՞լ է, թե՞ չէ», - նշեց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց, որ ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը:
«Մենք համարում ենք, որ լիագումար նիստերի դահլիճում քննարկումից հետո անհրաժեշտ չէ մեր մասնակցությունը, որովհետև լեգիտիմ չենք համարում», - նշեց Կոնջորյանը:
Ըստ ՔՊ-ականի՝ Սեդա Սաֆարյանը էական խախտում չի կատարել ու դրա հիմքով է, որ չեն մասնակցում քվերակությանը:
«Եթե լիներ էական խախտում, մենք ինքներս շահագրգիռ կլինեինք՝ ընթացակարգերին հետևողական լինելու», - նշեց Հայկ Կոնջորյանը:
Այսպիսով՝ գաղտնի քվեարկությամբ՝ 12:35-ից կմեկնարկի Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությունը: