22/03/2023 16:54
Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել. Արարատ Միրզոյան
Վերջին շրջանում Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, մենք կրկին ստացել ենք Ադրբեջանի առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները», - նշեց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով` Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին:
«Բայց մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, համառորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: