22/03/2023 17:18
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում:
Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», - նշեց ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ սա ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատահարմարության վերաբերյալ:
«Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը: