22/03/2023 17:26
Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անկեղծ ու կառուցողական է համարում Մոսկվա կատարած այցը:
«Իսկապես, կառուցողական քննարկում տեղի ունեցավ: Ներկայացրել ենք վերջին զարգացումները, անշուշտ, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա», - Ազային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում գործողություններին՝ նա ասաց, թե ակնկալում են կոնկրետ գործողություններ միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը անելիք ունի Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:
«Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանը պետք է վերահսկի», - ընդգծեց նա:
Միրզոյանն ասաց, թե Մոսկվայում քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին հարցը:
«Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, բայց, ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները: Նման հանդիպման հնարավորություն առաջիկայում կա», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը: