22/03/2023 10:00
«Ժողովուրդ». Ով է իշխանական ՄԻՊ թեկնածուն, որն անակնկալ է եղել նաև ՔՊ-ական պատգամավորների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ: «Քաղաքացիական պայմանագիրը»-ը ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաև դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է: Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել:
ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներից միայն մի քանիսն են հարցեր ուղղել թեկնածուին, մյուսները լսողի դերում են ընդամենը եղել: Թեկնածուն տրիվիալ ճշմարտություններ է ասել, արագ ամփոփել հանդիպումը:
Հավելենք, որ իշխանական ՄԻՊ թեկնածուն անակնկալ է եղել նաև ՔՊ-ական պատգամավորրների համար: Միայն ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարն են նախապես իմացել այդ մասին, մյուս պատգամավորները հանդիպումից քիչ առաջ են իմացել՝ ով է իրենց ՄԻՊ թեկնածուն, մի մասն էլ ընդհանրապես հանդիպման ժամանակ են «բացահայտել» թեկնածուին: ՔՊ խմբակցության ղեկավարության գաղտնապահությունը, սակայն, չստացված էր, քանի որ ArmLur.am-ը երեկ կեսօրին հրապարակեց, թե ով է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն, և թե ինչպես են նրա գոյությունը գաղտնի պահում հենց իշխանական պատգամավորներից:
ՔՊ-ում կասկածում են, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն են»։