22/03/2023 21:10
Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Արցախի Հանրային խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։
«Այս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը։ Այն խնդիրները, որոնք դուրս են մնում պետական պաշտոնյայի տեսադաշտից՝ ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն, հասանելի դառնան մեզ, իսկ հանրային իշխանության մարմինները պետք է ականջալուր լինեն դրանց և հետևողական միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Գուրգեն Ներսիսյանը։
Պետական նախարարը հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իր համակարգման ոլորտում կատարվող աշխատանքները:
Հանդիպումն ընթացել է երկխոսության, հարցերի հնչեցման ու քննարկումների ձևաչափով: Պետական նախարարը բարձր է գնահատել հանդիպումը և տեղի ունեցած առարկայական քննարկումը, խնդրելով առավել հաճախակի շփումներ: