22/03/2023 12:29
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:
«Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ՝ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը՝ Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:
«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը: