22/03/2023 19:40
Ռուսաստանն ու Վրաստանը ուղիղ ավիաչվերթների վերականգման, վիզային ռեժիմի վերացման մասին որոշումներ ընդունելու շեմին են․ Լեոնիդ Կալաշնիկով
Ռուսաստանն ու Վրաստանը ուղիղ ավիաչվերթների վերականգման, վիզային ռեժիմի վերացման մասին որոշումներ ընդունելու շեմին են, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ «Ռուսաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումի ժամանակ։
«Ես շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ խոսել, ավիաչվերթների վերականգնումն ու վիզային ռեժիմի վերացումը շատ զգայուն հարցեր են, որոնք մենք պետք է լուծենք։ Պետք է ասեմ, որ մենք այդ որոշումներն ընդունելու շեմին ենք»,- ասել է Կալաշնիկովը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Նույն օրվանից ուժի մեջ է մտել նաև ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը՝ վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցնելու վերաբերյալ։ Ռուսական իշխանությունների այս քայլը պայմանավորված էր 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիի խորհրդարանի մոտ անցկացված հակառուսական հանրահավաքով, որին մի քանի հազար մարդ էր մասնակցել։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ ռուսական ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր է, այն կվերացվի Վրաստանում իրքվիճակի կայունացման, հակառուսական արշավների դադարեցման, ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացման դեպքում։