22/03/2023 14:06
Քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության մասին հարցը
Մարտի 22-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Օրակարգի առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցն էր:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:
«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ- 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է պատգամավոր Է. Աղաբեկյանը:
3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստի օրակարգում:
Հանձնաժողովի նիստն ամփոփվել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2022 թվականի գործունեության մասին ներկայացված հաղորդումներով:
Խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի հաղորդմամբ՝ քաղծառայության մարմիններում ընդգրկված պաշտոնների թիվը 2023թ հունվարի մեկի դրությամբ կազմել է 1555, որից բարձրագույն պաշտոններ ՝41, գլխավոր պաշտոններ՝ 466, առաջատար՝ 777, կրտսեր պաշտոններ՝ 271:
Հաշվետու ժամանակաշրջանում Խորհուրդը նախապատրաստել և հրապարակել է 7 բարձրագույն և 88 գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու 95 հայտարարություն և կազմակերպել 275 մրցույթ ՝բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:
2022թ. ընթացքում քաղծառայության համակարգում ատեստավորվել են 207 քաղաքացիական ծառայողներ:
Խորհուրդը համաձայնություն է տվել 4 քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալուց հետո մինչև 1 տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:
Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցերին: