22/03/2023 13:57
Մենք մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել. կեղտը շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ իրենց թիմը «քանդում է բանակը»:
«Մենք մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ՔՊ-ականի խոսքով՝ 44-օրյա պատերազմում բանակում բազմաթիվ թերություններ են եղել ու ոչ պատշաճ վարքագիծ է եղել:
«5-րդ շարասյան երկու դրսևորում կա՝ մեկը, երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես և երբ մարդ, կամա թե ակամ, սպասարկում է այլ պետության շահերը, դա կոչվում է 5-րդ շարասյուն, այդ դրսևորումը, դժբախտաբար, բանակում է դրսևորվել նաև, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը չի սպասարկել Արցախի շահերը», - ասաց նա:
Ըստ նրա՝ «կեղտը շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ»: