22/03/2023 16:45
Ստեփանակերտում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը․ մրցումների նպատակն է հայրենիքի հուսալի պաշտպաններ պատրաստելը
Մարտի 22-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումներին մասնակցել են Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների 7-9-րդ դասարանների պատանիներից կազմված հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր հինգ մասնակից և մեկ մարզիչ-ներկայացուցիչ:
«Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և ՊԲ համատեղ ջանքերով կազմակերպվող Ռազմականացված հնգամարտի մրցումները դարձել են ավանդական և մշտապես անց են կացվում երկու փուլով: Շրջանային փուլում հաղթած 6 թիմերը մասնակցում են հանրապետական փուլին: Մրցումների նպատակն է առաջին հերթին հայրենիքի հուսալի պաշտպաններ պատրաստել և նրանց մեջ ամրագրել և սերմանել ռազմահայրենասիրական հատկանիշներ ու հայրենասիրական բարձր որակներ, ամենայն աչալրջությամբ հոգ տանել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված նյութերի հնարավորինս հանգամանալից մատուցմանը` լուրջ մրցակցային պայքարի դրսևորմամբ»,- ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարության Նախնական զինվորական պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության նախազորակոչային պատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավետիսյանը:
Մրցումների արդյունքները ամփոփվելու են մարտի 23-ին, հաղթող թիմերը, մրցանակային տեղեր գրաված մարզիկներն ու մարզիչները կպարգևատրվեն և կխրախուսվեն։