22/03/2023 09:43
«Հրապարակ». Քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։ Մեջլումյանը դեռևս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի գլխավոր քարտուղարը զբաղվել այդ հարցերով, եթե կա պատկան վարչություն և անգամ՝ բաժին, որի պետին՝ Տարոն Միրոյանին նույնպես երեկ բերման էին ենթարկել։ Արդեն իսկ կասկած կա, որ գործընթացը հովանավորվել է քաղաքապետի, այն է՝ Հրաչյա Սարգսյանի մակարդակով։
Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում գրեց։ Ինչ վերաբերում է ինքնակամ շինությունների հարցերով զբաղվող Տարոն Միրոյանին, ապա քաղաքապետարանում համոզված են, որ Միրոյանը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, չի կալանավորվի»։