23/03/2023 11:44
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. ՀՀ վարչապետ
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ի ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել։
«Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն ու համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայատանի նկատմամբ ու բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։
Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից, նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, որտեղ ասվում է՝ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել ու լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիմա վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվականի Ալմաթայի հռկաչագրի»», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ Խորհրդային Հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։
«Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։ Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված զինծառայողի ընտանիքին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», - հայտարարեց վարչապետը։
Նա ասաց, թե իրենց կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձներն ու այս շարունակական, Հայաստանի գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունը, ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։