23/03/2023 19:30
Գրգռված աղիների համախտանիշ. Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում վիճակը
Գրգռված աղու համախտանիշը տարածված խանգարում է, որն ազդում է ստամոքսի և աղիների վրա:
Ախտանիշները ներառում են կծկանքներ, որովայնի ցավ, փքվածություն, գազեր և փորլուծություն կամ փորկապություն: Խանգարումը քրոնիկ վիճակ է, և այն երկարաժամկետ վերահսկելու կարիք կզգացվի:
Տվյալ խանգարումն ունեցող մարդկանց միայն մի փոքր մասն ունի ծանր ախտանիշներ: Որոշ մարդիկ կարող են վերահսկել իրենց ախտանիշները՝ փոփոխելով սննդակարգը, ապրելակերպը և սթրեսը: Ավելի ծանր ախտանիշները կարող են բուժվել դեղորայքի և խորհրդատվության միջոցով:
Աղիների գրգռումը, բարեբախտաբար, չի առաջացնում աղիքների հյուսվածքային փոփոխություններ կամ չի մեծացնում հաստ աղիքների (կոլոռեկտալ) քաղցկեղի ռիսկը:
Գրգռված աղու համախտանիշի ախտանիշներից ամենատարածվածները ներառում են՝
որովայնի ցավ, կծկանքներ (սպազմ) կամ փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ), որը կապված է կղման ակտի հետ (դեֆեկացիա),
կղանքի ձևի կամ արտաքին տեսքի փոփոխություններ,
կղման ակտի հաճախականության փոփոխություններ:
Անհրաժեշտ է այցելեք բժշկի, եթե առկա է կղման ակտի սովորույթի մշտական փոփոխություն կամ խանգարման այլ նշաններ:
Ավելի լուրջ ախտանիշները ներառում են՝
քաշի կորուստ (նիհարում),
գիշերային փորլուծություն,
ուղիղաղիքային (հետանցքային) արյունահոսություն,
երկաթ-դեֆիցիտային սակավարյունություն (անեմիա),
անպատեհ փսխումներ,
ցավ, որը չի հանգստանում գազերի դուրսբերմամբ կամ աղիների դատարկմամբ:
Գրգռված աղիների համախտանիշը կարող է հրահրվել հետևյալ գործոններով.
Սնունդ. Սննդային ալերգիայի կամ սննդային անտանելիության դերը խանգարման դեպքում դեռևս լիովին բացահայտված չէ: Սննդային ալերգիան հազվադեպ կարող է առաջացնել աղիների գրգռում: Սակայն շատերի մոտ խանգարման ախտանիշները ի հայտ են գալիս այն դեպքերում, երբ ուտում կամ խմում են որոշակի սնունդ կամ ըմպելիքներ: Դրանք ներառում են՝ ցորեն, կաթնամթերք, ցիտրուսային մրգեր, լոբի, կաղամբ, կաթ և գազավորված ըմպելիքներ:
Սթրես. Այս խանգարումն ունեցող մարդկանց մեծամասնությունը ավելի հաճախակի է ախտանշաններ ունենում սթրեսի ավելացման ժամանակաշրջաններում: Սթրեսը կարող է վատթարացնել ախտանիշները, սակայն չլինել առաջացման պատճառ:
Գրգռված աղու համախտանիշի բուժումը կենտրոնանում է ախտանիշների թեթևացման վրա, որը կօգնի ապրել հնարավորինս անցավ և առանց անհանգստացնող նշանների:
Մեղմ ախտանիշները հաճախ կարելի է վերահսկել՝ կառավարելով սթրեսը և փոփոխություններ կատարելով սննդակարգում և ապրելակերպում:
Փորձեք՝
խուսափել այնպիսի մթերքներից, որոնք նպաստում են ախտանիշների դրսևորմանը,
ուտել բջջանքով հարուստ սնունդ,
խմել շատ հեղուկներ,
կանորավոր վարժանքներ անել,
բավականաչափ քնել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։