23/03/2023 18:40
Գրիպից բարդություններ․ ինչպես են արտահայտվում և ովքեր են ռիսկի խմբում
Գրիպը վտանգավոր վարակիչ հիվանդություն է համարվում, խիստ մտահոգիչ են հատկապես բարդությունները, որոնք առաջանում են նույնիսկ թեթև ու սովորական թվացող հարբուխի հետևանքով։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հիվանդությունը մարդկանց մեծ մասի մոտ թեթև է ընթանում կամ միջին ծանրության է լինում, ամբուլատոր բուժումը լիովին բավարար է լինում հիվանդությունը հաղթահարելու համար։ Գրիպից հետո բարդություններ առաջանում են հիվանդներից 10-12 տոկոսի մոտ, ուստի հիվանդության ընթացքին պետք է շատ ուշադիր հետևել, եթե վերականգնման փուլը երկարում է, հիվանդությունը՝ կրկնվում կամ նոր բարդություններով արտահայտվում, դիմել ավելի լուրջ բուժման։
Մասնագետներն զգուշացնում են՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք և առողջական խնդիրներ չունեցողները հարբուխը տարբեր կերպ են տանում։
ԱՀԿ-ի մասնագետները հարբուխի բարդություններին «հակված» մարդկանց ռիսկի խմբեր են առանձնացրել։
1,5-6 տարեկան երեխաները
տարեցները
հղիները (հատկապես հղիության 2-րդ, 3-րդ եռամյսակում)
իմունիտետի հետ կապված խնդիրներ ունեցողները
բարձր աստիճանի ճարպակալություն ունեցող մարդիկ (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 40-ից բարձր)
քրոնիկ սոմատիկ հիվանդություններ ունեցողները
Ինչպե՞ս են արտահայտվում գրիպից բարդությունները․
շնչահեղձություն, ցիանոզ, թոքային արյունահոսություն
զարկերակային ճնշման անկում
պաթոլոգիկ քնկոտություն, գիտակցության խանգարումներ
ջրազրկում, մեզի ծավալի կրճատում, գլխապտույտ կամ ուշագնացություն՝ ոտքի կանգնելիս
խորխով հազ
խզզոցներ կրծքավանդակում
տենդ՝ շարունակվող 5-ից ավելի օր
հիվանդության 3-4-րդ օրը՝ ջերմության բարձրացում
Վարակաբաններն առանձնացնում են գրիպից բարդությունների 2 հիմնական խումբ՝ թոքային և արտաթոքային։ Գրիպի ծանր ընթացքի դեպքում զարգանում է նաև ինֆեկցիոն տոքսիկ շոկ։ Գրիպից բարդությունները երբեմն սպառնում են նաև նյարդային, սրտանոթային համակարգին։
Ինչ վերաբերում է քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, ապա նրանք, հարբուխի առաջին իսկ նշանների դեպքում, պետք է դիմեն մասնագետին, քանի որ հարբուխը նրանց համար շատ վտանգավոր է։
Քրոնիկ հետևյալ հիվանդություններ ունեցողներն են ռիսկի խմբում․
շաքարային դիաբետ
ճարպակալում
բրոնխիալ ասթմա
թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
սրտի քրոնիկական անբարարարություն
երիկամների, լյարդի քրոնիկական անբավարարություն
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
Գրիպից բարդությունները կանխելու համար ինչպես քրոնիկ հիվանդները, այնպես էլ առողջության հետ կապված հավելյալ խնդիրներ չունեցողները, վարակի առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես, պետք է լիարժեք բուժում անցնեն, դիմեն բժշկի և չզբաղվեն ինքնաբուժությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։