23/03/2023 21:15
Շոգեբաղնիքի դրական ազդեցությունը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման գործում
Շատերը սիրում են շոգեբաղնիք այցելել, թուլացնել լարված մկաններն ու կարգավորել արյան շարժը։ Այս հաճելի և հանգստացնող միջոցը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացմանը և արագացնում նյութափոխանակությունը, նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահվան և նույնիսկ ընդհանուր մահացության ռիսկը:
Հետազոտությունները ցույց են տվել շոգեբաղնիքի դրական ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։ Շոգեբաղնիքում բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, որը սովորաբար խորհուրդ է տրվում պահպանել 80-100°C-ի սահմաններում, կապ ունի արյան շրջանառության բարելավման, արյան ճնշման իջեցման և սրտի աշխատանքի բարելավման հետ:
Պետք է նկատի ունենալ, որ երկարատև կանոնավոր շոգեբաղնիքի ազդեցությունը սրտային հիվանդությունից անսպասելի մահվան, մահացու կորոնար արտրի հիվանդության, մնացած պատճառներով մահացության ռիսկի հետ ամբողջությամբ չի կապվում։
Շոգեբաղնիքի դրական կամ բացասական ազդեցությունը պարզելու նպատակով գիտնականների մի խումբ հավաքագրել է 42-60 տարեկան 2,315 տղամարդու տվյալներ, ովքեր մասնակցել են սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնի ֆիննական խոշոր ուսումնասիրությանը:
Հետազոտության սկզբում բոլոր մասնակիցները լրացրել են հարցաթերթ, որը, ի թիվս այլ կետերի, պարունակել է հարցեր շոգեբաղնիք այցելելու հաճախականության, այնտեղ մնալու տևողության և առկա միջին ջերմաստիճանի վերաբերյալ:
Հետազոտության ընթացքում (գրեթե 21 տարի) գրանցվել է սրտային անսպասելի մահվան 190 դեպք, կորոնար անոթների մահացու ելքով՝ 281 դեպք, սրտանոթային հիվանդությունից՝ 407 մահ։ Բոլոր պատճառներից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 929։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ շաբաթական 2-3 անգամ շոգեբաղնիք այցելած մարդկանց մոտ սրտի հանկարծակի մահվան վտանգը նվազել է 22%-ով, կորոնար անոթների մահացու հիվանդության ռիսկը՝ 27%-ով: Մահը սրտանոթային հիվանդությունից և բոլոր պատճառներով մահացության ռիսկը 24%-ով նվազ է եղել՝ համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր շաբաթը մեկ անգամ են շոգեբաղնիք այցելել:
Շաբաթը 4-7 անգամ շոգեբաղնիք այցելած տղամարդիկ ավելի ընդգծված դրական ազդեցություն են զգացել. սրտային անսպասելի մահվան վտանգը կրճատվել է 63%-ով, կորոնար անոթային հիվանդությունից մահացության ռիսկը՝ 48%-ով, սրտանոթային հիվանդությունից մահվան ռիսկը՝ 50%, իսկ մահացության վտանգը բոլոր պատճառներով՝ 40%-ով այն տղամարդկանց համեմատ, ովքեր շաբաթը մեկ անգամ են շոգեբաղնիք այցելել:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ պրոցեդուրայի տևողությունը նույնպես ազդել է արդյունքների վրա. 11-19 րոպե սաունայում անցկացնող տղամարդկանց սրտի հանկարծակի մահվան վտանգը 7%-ով ցածր է եղել՝ համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր 11 րոպեից պակաս են անցկացրել սաունայում։ Իսկ շոգեբաղնիքում 19 րոպեից ավելի անցկացրած տղամարդկանց սրտի հանկարծակի մահվան ռիսկը նվազում է 52%-ով։
Ստացված արդյունքները նույնն են նույնիսկ այն բանից հետո, երբ վերահսկել են սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխելը, արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը և այլ գործոններ, որոնք կարող են ազդել արդյունքների վրա:
Այս ուսումնասիրությունը ապացուցում է, որ շոգեբաղնիք այցելելը պաշտպանիչ գործոն է սրտի հանկարծակի մահվան, կորոնար անոթների հիվանդության, մահացու սրտանոթային հիվանդությունների և այլ պատճառներով մահացության ռիսկի նվազեցման համար:
Լավատեսական այս արդյունքները պահանջում են, սակայն, վերավավերացում ավելի մեծ ուսումնասիրությունների շրջանակում, ինչպես նաև տարբեր պոպուլյացիաների վրա ազդեցության մանրամասն ուսումնասիրություն:
Այժմ մասնագետները նախատեսում են նմանատիպ հետազոտություն անցկացնել կանանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր նախկինում երբեք չեն օգտվել շոգեբաղնիքից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։