23/03/2023 13:35
Փաշինյանը ձեռնտու է բոլորին. նրանք, որ Հայաստանից պոկելիք ունեին, Փաշինյանի շնորհիվ պոկելու շանս ստացան. Կարեն Բեքարյան
Ցանկացած կողմ, որ Հայաստանից պոկելիք ուներ մտքում և պետք է սպասեր այդ պոկելիքը ստանալու մաքսիմալ հարմար ժամանակին, Փաշինյանի շնորհիվ հրաշալի հնարավորություն ստացավ, Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդմանն ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
Կարեն Բեքարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հասել է նրան, որի մասին անգամ երազել չէր կարող, նույնը վերաբերում է Թուրքիային, միացյալ Արևմուտքին, Ռուսաստանին։ Կարևոր է հասկանալ, որ ձեռնտու լինելն, այնուամենայնիվ, աքսիոմ չէ, որ չփոփոխվի։ Կա դինամիկա, շահերի բախում, ստեղծվում է իրավիճակ, երբ մեկի պոկելիքը խանգարում է մյուսի պոկելիքին, մեկին հաջողվում է առավելագույնը ստանալ, մյուսին՝ ոչ։
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, երբեք չեմ ուզի, որ մեր քայքայված սուվերենությունը նորից հարված ստանա, շատ ավելի լավ կլինի, եթե մեր հանրությունը սթափվելով, գիտակցության գալով, գործողություններով ներսում խնդիր լուծի, քան դրսից գա մեկն այստեղ հարցեր լուծելու։ Մարդիկ, որ անդադար գոռում են Հայաստանի ինքնիշխանության մասին, իրենք իրենց հարց տալի՞ս են՝ հնարավո՞ր է սեփական անվտանգություն չապահովող երկրի սուվերենության մասին խոսել», - ասել է նա։