23/03/2023 19:55
Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի գլխավոր տնտեսական գործընկերներն են․ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար
Ռուսաստանը Իրանում ամենախոշոր ներդրողն է դարձել՝ ընթացիկ ֆինանսական տարում կատարելով 2,76 միլիարդ դոլարի ներդրումներ, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին։
«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական ենք համարում, համագործակցում ենք տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական։ Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի գլխավոր տնտեսական գործընկերներն են։ Իրանը նախատեսում է ընդլայնել նրանց հետ հարաբերությունները՝ ռազմավարական համաձայնագրերի միջոցով»,- ասել է նախարարը։
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս ֆինանսական տարում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ներդրումների երկու երրորդը կատարվել է Ռուսաստանի կողմից՝ հանքարդյունաբերության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում։
Նշենք, որ հունվարին Ռուսաստանի և Իրանի Կենտրոնական բանկերի նախագահները համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով պարզեցվում են ֆինանսական և բանկային գործառնությունները։ Ինչպես հայտնել է Սեյեդ Էհսան Խանդուզին, Թեհրանն այս հարցով բանակցություններ է վարել ոչ միայն Մոսկվայի, այլև Պեկինի ու Անկարայի հետ։ «Սակայն տեխնիկական տեսանկյունից հենց իրանա-ռուսական ֆինանսական ենթակառուցվածքն է առավել զարգացած»,- ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք՝ ռուսական «Միր» և իրանական «Շեթաբ» վճարային համակարգերի միացման, ինչպես նաև ֆինանսական ոլորտում Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության ընդլայնման մտադրության մասին 2022 թվականին հայտարարել էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Օրերս Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության փոխնախարար Ալի Ասհար Շալբաֆիանը հայտարարել էր, որ Իրանում շուտով կգործարկվի «Միր» վճարային համակարգը։