23/03/2023 11:26
Մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Լաչինի միջանցքի արգելափաման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այս գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանն ու դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահանզանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները ու հարցը համարել լուծված», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ այս գործողություններն ապօրինի են ու բացահայտ կեպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ «Ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով», - ընդգծեց Փաշինյանը։
Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին, նրա խոսքով, հետևեց ԼՂ-ից ու հարակից շրջաններից բռնագաղթածների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից ու հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր ու նախկին բնակավայրեր։
«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, ու Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ հայտարարության հեղինակների ու շահառուների իրավունքները պաշտպանելու համար», - նշեց Նիկոլ Փաշինյանը։