24/03/2023 09:51
«Ժողովուրդ». Լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում է և, հնարավոր է, նշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ:
Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք ամենևին էլ միայն հայրենասիրությամբ չեն պայմանավորված: Արցախում համառ լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն իրականում ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից։ Բանն այն է, որ նրա դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, և մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին և վայելել բարձր թոշակը։
Նշենք, որ Դավթյանը դատախազության համակարգում է 2006-2007թթ-ից /պաշտոնական կենսագրություն/։ Ստացվում է, որ նա ունի ընդամենը 16 տարվա դատախազի աշխատանքային ստաժ։
«Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը սահմանում է. «… 4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ 1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանի 16-ամյա ստաժն անբավարար է բարձր թոշակի համար։
Զուգադիպությու՞ն է՝ հնարավոր է. ժամանակը ցույց կտա։ Ամենագարշելին, սակայն, այն է, որ պետության, հայրենիքի բարոյականության, հայրենասիրության, բարձր արժեքների մասին ճռճռան խոսքեր ասողներն ապացուցում են, որ առաջնորդվում են բացառապես անձնական շահով, իսկ արյունաքամ լինող Արցախից անգամ հիմա օգուտ պոկողների բարոյական նկարագիրը հանրությունը կտա»։