24/03/2023 15:33
Սննդի սղությամբ պայմանավորված՝ Արցախի Չափար համայնքում «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները դադարեցվել են
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, Շրջափակման հետևանքով սննդի սղությամբ պայմանավորված, դադարեցվել են «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Չափարի դպրոցի տնօրեն Իրինա Սևումյանը։
«Անցած տարվա դեկտեմբերից առ այսօր դպրոցում չի գործում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որում ընդգրկված էր երկու խումբ՝ միջին և տարրական։ Աշխատում էր երկու ուսուցիչ։ Պետք է նշեմ, որ «Երկարօրյան» կարևոր ձեռքբերում է թե՛ կրթօջախի, թե՛ ամբողջ համայնքի համար։ Այն շատ էր օգնում աշխատող ծնողներին, իսկ ուսուցիչները կարողանում էին շատ ժամանակ անցկացնել աշակերտների հետ ու ավելին սովորեցնել։ Աշակերտներն էլ օգտակար զբաղմունք ունեին և արդյունավետ էին անցկացնում ժամանակը։ Ծրագրի շրջանակներում աշակերտները հաճախակի էին այցելում գյուղի արհեստավորներին, մեղվաբույծներին։ Արդյունքում ստացած գիտելիքները փորձում էին կիրառել դպրոցում», - պատմել է տնօրենը։
Նրա խոսքով՝ դպրոցի շենքը կառուցվել է 2014 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում