24/03/2023 17:38
Փորձելու ենք ամեն ինչ անել այս վիճակից հաղթանակած դուրս գալու համար, ամեն մարդ իր առաքելությունն ունի. Նախշուն Ավագյան
Նախշուն Ավագյանը չորս տղաների մայր է։ Երեխաներից երկուսը դպրոցական են, մեկը հաճախում է մանկապարտեզ, իսկ չորրորդը դեռ շատ փոքր է։
Արցախյան մեծ ընտանիքում ապրում են Նախշունը, ամուսինը, չորս երեխաները, ամուսնու ծնողները և ամուսնու տատիկը։
Շրջափակման սկզբնական շրջանում այս ընտանիքի համար այնպես, ինչպես Արցախի շատ այլ ընտանիքների համար, բարդ էր։
Նախշունենց ընտանիքը մեծ է, պաշարեղեն գրեթե միշտ ունենում էին, բայց դա էլ երկար չէր կարող հերիքել։
«Սկզբնական շրջանում, իրոք, շատ դժվար էր միրգ ու բանջարեղեն ձեռք բերել, որովհետև երեխաներին, հիմնականում փոքրիկին, անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ։ Տանը եղած վիտամիններով հարուստ ուտելիքները տալիս էինք երեխաներին, մենք էլ բավարարվում էինք թեթև ուտելիքներով։
Մինչև կտրոններ տրամադրելը սննդի խնդիրը հաղթահարեցինք հիմնականում տանը եղած պաշարով։
Հետո, երբ կտրոնների շնորհիվ կարողացանք պարենային ապրանքներ ձեռք բերել, այդ հոգսը որոշակիորեն թեթևացավ, բայց միևնույն է, առ այսօր խնդիր միրգ-բանջարեղեն ձեռք բերելու խնդիր ունենք ։ Միրգ-բանջարեղենի խանութներում լինում է, որ մեկ կտրոնի ապրանք են տրամադրում, որ հերթում կանգնածներին հերիքի, այս պարագայում հաշվի չեն առնում՝ ընտանիքը քանի անդամ ունի, բոլորին կհերիքի՞, թե՞ ոչ։
Երեկ չորս ժամից ավելի հերթ եմ կանգնել, որ կարողանամ մեկ կիլոգրամ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ բազուկ և մեկ կիլոգրամ գազար գնեմ, ու, բախտի բերմամբ, ինձ հաջողվեց ձեռք բերել։ Չեմ ուզում պատկերացնել, թե եթե իմ հետևից կանգնած մարդկանց նման, ինձ էլ չհասներ, ինչ պետք է անեի։
Հերթերը ազդում են ոչ միայն մեր աշխատանքի, այլև հոգեվիճակի վրա։
Ես երբևէ ինձ այսքան վիրավորված չեմ զգացել, որքան երեկ, երբ քո չարչարանքով աշխատած գումարով չես կարողանում երեխաներիդ համար ուտելիք ձեռք բերել, քանի որ ապրանքների սակավ լինելու պատճառով հերթերում էլ են լինում խախտումներ։
Կոպիտ ասած, մեր կյանքը նման է Ջունգլիների»,-պատմում է Նախշունը։
«Գազամատակարարման անջատման հետևանքով երեխաները, երկար դպրոց չգնալուց հետո, արդեն սկսել են հաճախել, դասերը սովորելու պրոցեսը երեկոյան հարմարեցնում ենք լույսերի գրաֆիկին, որ մոմի լույսի տակ չսովորեն, ցուրտն էլ մի կողմից, այս պայմաններում երեխաներին դժվար է կենտրոնացնել սովորելու վրա։
Տունը տաքացնելու հետ կապված շատ դժվարություններ են եղել, գազը մինչև հասցնում էին մատակարարել, անջատում էին, լուսերն էլ այնքան թույլ են եղել, որ գրեթե չէինք կարողանում տաքացնել։ Անգամ կարի մեքենան չէի կարողանում միացնել՝ հոսանքի թույլ լինելու պատճառով։
Երրորդ տղաս մանկապարտեզ գրեթե չի հաճախել, դեռ մանկապարտեզի կոլեկտիվին չներգրավված ու հարմարված, պետք է սեպտեմբերից դպրոց հաճախի: Այս վիճակը բացասաբար է անդրադառնում նաև երեխայի վրա»,-հավելում է Նախշուն Ավագյանը։
Նախշունը զբաղվում է ձեռագործ աշխատանքներով։ Մինչև շրջափակումը նա արդեն ուներ իր բրենդը։ Նախշունի փոքրիկ բիզնեսն էլ որոշակիորեն տուժել է շրջափակման հետևանքով, քանզի բոլոր ապրանքները ձեռք էր բերում Երևանից։ Մինչ այս պահը աշխատում է այն ամենով, ինչը ձեռք էր բերել մինչև շրջափակումը։
«AGBU «Կին ձեռներեցներ» ծրագրին մասնակցելով՝ արժանացել եմ «ժյուրիի համակրանք» մրցանակին, ստացած գումարով գնել եմ ասեղնագործության մեքենա, որպեսզի ավելի ընդլայնեմ ու կատարելագործեմ աշխատանքս, բայց չհասցնելով այդ մեքենայի համար նախատեսված հիմնական հումքը ամբողջությամբ ձեռք բերել, աշխատանքս այդպես էլ կանգնած մնաց։
Դեկտեմբերին դեռ աշխատանք ունեի, մինչև շրջափակումը վերցրած պատվերներս ավարտել եմ, մարդիկ պատվերներ տալիս էին։
Հունվար-փետրվար ամիսներին գրեթե ամբողջությամբ գործը կանգնել էր։ Գարնանամուտին մի փոքր շարժ զգացվեց, երբ ծնողները սկսեցին երեխաների համար գարնանային բարակ գլխարկներ պատվիրել՝ հիմնականում խանութներում չլինելու հանգամանքից ելնելով։
Անգամ հիմա, երբ թեկուզ շատ բարձր գնով կարողանում եմ որոշ ապրանքներ ձեռք բերել, գնային փոփոխություններ չեմ արել, որ գոնե մի փոքր իմ նպաստը ունենամ․ ցանկությունս մարդկանց այս վիճակում օգնելն է։
Ամեն տարի այս ժամանակահատվածում դպրոցներից արդեն ունենում եմ վերջին զանգի համար պատվերներ, այս տարի մինչև այս պահը դեռ մի դասարան է դիմել, հուսանք՝ էլի կդիմեն»,- ժպտալով ասում է Նախշունը։
Վերջում Նախշունը հավելեց, որ ծնվել է մի ընտանիքում, որտեղ սերը դեպի հայրենիքը մեծ դեր ունի։
«Ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել, պատրաստ ենք դիմակայել։ Դժվարությունը մարդու համար է։
Պատերազմից հետո Արցախ վերադառնալու միակ նպատակս այն էր, որ պետք է ապրեմ ու իմ երեխաներին մեծացնեմ հայրենիքում։
Մինչև վերջին պահը մենք այստեղ ենք լինելու, եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Մենք պետք է ապրենք Արցախում, որ երկիրը կարողանանք պահել։ Եթե մենք էլ գնանք, ի՞նչ կստացվի։ Երկիրը պահում են երկրում ապրելով և այն ծաղկեցնելով։
Փորձելու ենք ամեն ինչ անել՝ այս վիճակից հաղթանակած դուրս գալու համար․ ամեն մարդ իր առաքելությունն ունի»,-եզրափակում է Նախշունը։