24/03/2023 18:40
Շրջափակման պատճառով Արցախի առողջապահության համակարգը գործում է խիստ սահմանափակումներով` առերեսվելով լրջագույն խնդիրների
3 ամսից ավելի է՝ Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման պատճառով Արցախի առողջապահության համակարգը գործում է խիստ սահմանափակումներով` առերեսվելով լրջագույն խնդիրների հետ։
Առկա է դեղորայքի և բժշկական պարագաների խիստ սղության խնդիրը, ինչի պառճառով դադարեցված են մնում բոլոր պլանային վիրահատությունները․ պահեստային դեղորայքն ուղղվում է միայն սուր դեպքերի համար։
Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ հնարավոր է դարձել քիչ քանակով դեղերի և բժշկական նշանակության պարագաների ներմուծումը, բայց իրավիճակը մնում է կրիտիկական։
Արցախում զգալի է նեղ մասնագետների պակասը, սակայն շրջափակման պատճառով պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում հրավիրված մասնագետների այցելությունն Արցախ անհնար է։
Միջանցքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված են նաև պարբերաբար Հայաստանում բուժում ստացող հիվանդները․ նրանց կարող է տեղափոխել միայն ԿԽՄԿ-ն։ Հարյուրավոր հիվանդներ դեռ սպասում են իրենց հերթին, շատերը՝ վերակենդանացման բաժանմունքներում։
ԿԽՄԿ մեքենաներով տեղափոխվում են այն հիվանդները, որոնց հնարավոր է միայն նստած վիճակում տեղափոխել, իսկ ծանր հիվանդները կարող են գտնվել կոմայի մեջ, երկար ժամանակ միացված լինել արհեստական շնչառության սարքերին, ինչն անհնար է դարձնում նրանց՝ նստած վիճակում տեղափոխելը։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել, սակայն Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր գործելաոճը՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերն ու պահանջները։