24/03/2023 11:32
Միջազգային հանրությունը պետք է հստակ հանդես գա ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գործողության․ ՀՀ ԱԳ նախարար
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը», եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։
«Ցավալի է, որ դատարանի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել։ Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով՝ մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։
Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ:
Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է՝ գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ:
Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, ըստ Միրզոյանի, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ. ձմռան ցուրտ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։
Ամփոփելով՝ նշեմ, որ, չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։