25/03/2023 21:26
Ինչպես պատրաստել լիմոնադ՝ տնային պայմաններում․ համեղ ըմպելիքի պարզ բաղադրատոմսեր
Խանութներում վաճառվող զովացուցիչ ոչ մի ըմպելիք օգտակարության, համի և որակի տեսանկյունից չի կարող համեմատվել տնային պայմաններում պատրաստվողի հետ․ թարմ մրգերից ու ցիտրուսներից պատրաստվող զովացուցիչ այս ըմպելիքները զերծ են կոնսերվանտներից, առողջարար են ու համեղ։ Բացի այդ, տանը լիմոնադ պատրաստելը բոլորովին էլ դժվար չէ։ Ահա մի քանի պարզ ու հեշտ բաղադրատոմս, և համեղ ու օգտակար «տնային» լիմոնադը պատրաստ է․
Դասական լիմոնադ՝ կիտրոնով
Բաղադրիչներ
350 գ շաքարավազ
2 լ ջուր
350 գ թարմ կիտրոնից քամած հյութ
Շաքարավազը լցնել միջին չափսի կաթսայի մեջ, վրան ավելացնել 250 գ ջուր, դնել թույլ կրակին, խառնել, մինչև եռալը, շարունակել եփել, մինչև շաքարավազի հատիկները հալվեն։ Թողնել, որ օշարակը սառի՝ հասնելով սենյակային ջերմաստիճանի, ապա այն դնել սառնարանի մեջ, որոշ ժամանակ անց հանել, վրան ավելացնել մնացած ջուրն ու կիտրոնի հյութը, լավ խառնել։
Նարնջի լիմոնադ
Բաղադրիչներ
3 նարինջ
1 կիտրոն
100 գ շաքարավազ
1½ լ ջուր
Ցիտրուսների հյութը քամել, կեղևները շատ մար կտրատել, մանրացնել։ Շաքարավազն ու ջուրը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, խառնելով եփել, մինչև եռալը, կրակը թուլացնել, եփել ևս 5-10 րոպե։
Օշարակը սառեցնել, ավելացնել ցիտրուսների հյութը և մանրացված կեղևը, խառնել, զանգվածն անցկացնել մաղի կամ մառլյայի միջով, ըմպելիլքը պահել սառնարանում։
Ելակով լիմիոնադ
Բաղադրիչներ
420 գ մեղր
1,7 լ ջուր
450 գ ելակ
350 գ թարմ կիտրոնից քամած հյութ
սառույցի կտորներ
Մեղրի վրա 500 գ ջուր լցնել, խառնել, մինչև լուծվելը, ավելացնել ելակը, հարել բլենդերով, ավելացնել կիտրոնի հյութը և մնացած ջուրը, լավ խառնել։ Ըմպելիքը լցնել տարայի մեջ, ավելացնել սառույցի կտորները։
Տանձի լիմոնադ
Բաղադրիչներ
1 կգ տանձ
100 գ թարմ կիտրոնից քամած հյութ
2½ լ ջուր
մեղր
անանուխ
1½ լ հանքային ջուր
Տանձը կեղևազրկել, կիսել, կորիզազրկել, դնել կաթսայի մեջ, վրան ավելացնել կիտրոնի հյութի կեսը, ջուրը, անանուխը, կաթսան դնել կրակին, եփել, մինչև եռալը, ապա կրակը թուլացնել, կաթսայի բերանը փակել կափարիչով և եփել ևս 40 րոպե։
Տանձի կտորներն ու անանուխը հանել, տանձի կտորները դնել այլ ափսեի մեջ, օշարակը մի փոքր սառեցնել, ավելացնել մեղրը, լավ խառնել, սպասել, մինչև զանգվածը լավ սառչի, ապա ավելացնել տանձը, հանքային ջուրը, կիտրոնի մնացած հյութը, լավ հարել բլենդերով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։