25/03/2023 10:12
«Հրապարակ». Նոր ավտոկայանատեղին չի գործելու, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, հետո բարդություններ է ստեղծելու բնակիչների համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարևանությամբ գտնվող, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առևտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, և ամենակարևորը՝ այս հատվածում նոր առևտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գևորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաև առևտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել և՛ որպես ավտոկայանատեղի, և՛ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաև որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»»։