25/03/2023 14:23
Մենք ժողովրդավարական երկիր ենք, չենք կարող սահմանափակել կուսակցությունների քանակը, պարզապես քաղաքացին պետք է հասկանա՝ որո՞նք են գործում ի նպաստ ժողովրդի. ՔՊ-ական
Մասնագիտություն ընտրելիս ճիշտ կլինի հասկանալ՝ ի՞նչն է ավելի հոգեհարազատ։ Տարիների ընթացքում կարելի է սովորել եւ ձեռք բերել նոր մասնագիտություն, «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Լոռու մարզի Լեռնապատի Երվանդ Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը, հայտնում է ԱԺ ֆեյսբուքյան էջը։
Աշակերտների այն հարցին, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս, պատգամավորը խորհուրդ է տվել ոչ միայն մասնագիտություն ընտրելիս, այլ առհասարակ լինել նպատակասլաց, քանի որ հենց նպատակասլացությունը կօգնի մասնագիտական բարձունքների հասնելու հարցում, իսկ լավ սովորելն ու շատ կարդալն էլ կօգնեն ապագայում պիտանի մասնագետ դառնալուն։
Արփինե Դավոյանը հյուրերին ներկայացրել է պատգամավորի աշխատանքի մանրամասները, գործելաոճը։
Խոսելով քաղաքականությունից՝ հյուրերը հետաքրքրվել են՝ արդյո՞ք մեր երկրում սխալ չէ ունենալ մի քանի տասնյակ կուսակցություն, ինչին ի պատասխան՝ խորհրդարանականը նշել է․ «Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ չենք կարող սահմանափակել կուսակցությունների քանակը, պարզապես քաղաքացին ինքը պետք է հետաքրքրվի եւ հասկանա՝ դրանցից որո՞նք են գործում ի նպաստ ժողովրդի»։
Արփինե Դավոյանը հորդորել է երբեք կանգ չառնել, միշտ քայլել առաջ՝ նպատակին եւ երազանքին հասնելու համար եւ հավելել է․ «Դուք եք մեր ապագան, ձեր սերունդը պետք է պատասխանատվություն զգա, քանզի մեր երկրի համար դուք կարեւոր մարդիկ եք։ Միշտ գնացե՛ք առաջ»։
Նույն օրը խորհրդարանում էին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ամասիայի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները։
Նրանց հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը կիսվել են իրենց մտահոգություններով՝ նշելով, որ դպրոցը չունի գրադարան եւ լաբորատորիա, մարզադահլիճն էլ բարվոք վիճակում չէ։
Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է վերանորոգել կամ հիմնանորոգել 300 դպրոց։ Նա պատրաստակամություն է հայտնել ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանց դպրոցն ընդգրկված է ծրագրում եւ եթե չլինի ընդգրկված, ապա հետամուտ կլինի, որպեսզի դպրոցը ներառվի այդ ծրագրում։
Թագուհի Ղազարյանն անդրադարձել է նաեւ տասներկուամյա կրթությանը՝ նշելով, որ դպրոցներում վերջին երկու տարիների կրթությունը պետք է լինի մասնագիտական ուղղվածությամբ, ինչը կնպաստի կրկնուսույցներին չդիմելուն, մասնագիտական ուղղվածության առարկաների դժվարություններն ինքնուրույն հաղթահարելուն եւ բուհեր ընդունվելու համար հիմնարար գիտելիքներ ստանալուն։
Հյուրերը նաեւ հետաքրքրվել են իրենց համայնքում գյուղատնտեսության զարգացման ծրագրերով։
Ի պատասխան Արսեն Թորոսյանը նշել է․ «Մեր Կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ, ինչը կնպաստի մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը։ Մենք պետք է ջանք չխնայենք անել ամեն ինչ՝ տեղական ապրանքներն ավելի մրցունակ դարձնելու նպատակով»։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար իրականացնում է տարբեր ծրագրեր։