25/03/2023 11:28
Ստեփանակերտի 35-ամյա բնակիչը «Օպել»-ով գլորվել է ձորը. վիճակը ծանր է
Մարտի 25-ին՝ ժամը 03։25-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնածախ համայնքի վարչական տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` ավտոմեքենան ընկել է ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և «Ստետանակերտի շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ բժիշկների խումբը։
Պարզվել է, որ գիշերը` ժամը 03:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Հ. Պ.-ն իր վարած «Opel Vectra» ավտոմեքենայով Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը։
ՃՏՊ-ի հետևանքով տուժած Հ.Պ.-ին փրկարարները դուրս են բերել մեքենայից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հոսանքազրկել ավտոմեքենան։
Տուժած քաղաքացին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։