27/03/2023 18:00
Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա
Եթե Բելառուսի իշխանությունները համաձայնեն Ռուսաստանի կողմից իրենց երկրի տարածքում տակտիկական միջուկային զենքի տեղակայմանը և հաստատեն այդ փաստը, ապա դա Եվրամիության կողմից անպատասխան չի մնա, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Բելառուսից հաստատում մենք չենք տեսել։ Եթե դա տեղի ունենա, ապա անպայման կլինեն հետևանքներ։ Դա կնշանակի իրավիճակի սրում և սպառնալիք եվրոպական անվտանգությանը, ինչն անպատասխան չի մնա»,- ասել է Ստանոն՝ չհաստակեցնելով, թե կոնկրետ ինչ հետևանքների մասին է խոսքը և հորդորելով սպասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից նշված հարցի շուրջ դիրքորոշման արտահայտմանը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրաձայնում Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն էլ իր հերթին է իր դաշնակից երկրների տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայում, «այնպես որ Բելառուսի խնդրանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա»։