27/03/2023 19:16
Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ
Ռելաքսացիայի վիճակում մարդը իրեն զգում է հանգիստ և թուլացած։ Այս վիճակը հոգեկան և ֆիզիկական առողջության վրա կարող է թողնել մի շարք բարերար ազդեցություններ, օգնում է ճիշտ կառավարել ամենօրյա կյանքն ու բարձրացնել կյանքի որակը։
Այս մեթոդը կիրառելի է գրեթե ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, փոխադրամիջոցներում, հանրային միջավայրերում և այլն։
Ռելաքսացիայի վիճակում անձը ունակ է նաև կառավարելու սթրեսն ու անհանգստությունը կամ տագնապը։
Ռելաքսացիան մեղմացնում է հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը և շիզոֆրենիան։
Ռելաքսացիան նաև ունի ընդհանուր առողջական այլ օգտակար ազդեցություններ, որոնցից են՝
սրտազարկի, արյան ճնշման և շնչառության հաճախականության նվազեցումն ու նորմալացումը,
մկանային լարվածության և քրոնիկ ցավի մեղմացումը,
տրամադրության և ուշադրության կենտրոնացման բարելավումը,
ընդհանուր հոգնածության մեղմացումը,
զայրույթի և հիասթափության մեղմացումը, ինչպես նաև ինքնատիրապետման բարելավումը,
խնդիրները լուծելու նկատմամբ վստահության խթանումը։
Որպես կանոն, ռելաքսացիայի մեթոդները վերաբերվում են մկանների թուլացմանը կամ շնչառությանը։ Օրինակներից է մկանների հարաճուն թուլացումը, երբ սկզբից ձգում, հետո թուլացնում ենք մարմնի տարբեր մկանախմբերը՝ փորձելով հասկանալ այդ վիճակներին ուղեկցող զգացողությունները։
Ռելաքսացիայի այլ մեթոդներից են՝
վիզուալիզացիա, երբ ստեղծում ենք հանգիստ ու խաղաղություն պարգևող որևէ վայրի մտապատկեր,
խոր շնչառություն, երբ կտրվում ենք ամեն ինչից և ուշադրությունը կենտրոնացնում միայն շնչառության վրա,
հիպնոս,
մեդիտացիա,
գիտակցականության այլ վարժանքներ։
Նյարդաբաններն ու հոգեբանները խորհուրդ են տալիս գտնել ռելաքսացիայի այն մեթոդը, որը լավագույն կերպով է համապատասխանում ձեր խառնվածքին կամ առօրյա կյանքին և դարձնել այն կյանքի մի մասը՝ նույնիսկ եթե ընտրած մեթոդը տևում է օրական 5-10 րոպե։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։