27/03/2023 17:10
Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան
Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարարկապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: