27/03/2023 11:08
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը:
Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ 2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
«2023 թվականի փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք:
Միաժամանակ՝ մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշվում էր Դատախազության հաղորդագրությունում։
Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով իրավապահներին հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են։
Վիգեն Սարգսյանը նաև հայտնել էր, որ դատախազությունը որևէ ջանք չի գործադրել իր հետ կապ հաստատելու համար, իսկ իր նկատմամբ հետապնդումը գնահատել էր քաղաքական։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Վիգեն Սարգսյանի նկատմամբ, հարուցվել է դեռևս 2019թ.-ին։