27/03/2023 19:06
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար
Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն է քննարկվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 27-ի արտահերթ նիստում:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանձնաժողովի նիստում հիշեցրել է, որ սույն թվականի փետրվարի 1-ին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի բանավոր առաջարկը վերաբերել է լիցենզավորման ժամկետը մեկի փոխարեն երկու տարի սահմանելուն: Պատգամավորը բարձրաձայնել է առաջարկությունը: Հիմնական զեկուցողը փաստել է, որ այն առաջիկայում կդառնա քննարկման առարկա:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: