27/03/2023 10:46
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ (Տեսանյութ)
Ակբա բանկը գործընկերների հետ տարիների պատմություն ունեցող գործարար հարաբերությունները տեղափոխում է նոր փուլ. Հայաստանում ձեռներեցության զարգացման, գործարար կապերի ստեղծման և գործակցության ավելի մեծ հնարավորությունների համար բանկը մեկնարկել է Acba Business Club-ը։
Բիզնես ակումբի առաջին հանդիպմանը համախմբվել է ավելի քան 600 գործարար, ովքեր միացել են Acba Business Club-ին միմյանց լսելու, փորձով կիսվելու և նոր կապեր ձեռք բերելու համար։ Հայ գործարարների հետ հաջողությունների և անհաջողությունների սեփական փորձով կիսվել է նաև միջոցառման հատուկ հյուր, «ABBYY» ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, ով 2021-ին հայտնվել է ռուսական «Forbes» ամսագրի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Դավիթ Յանը հայ գործարարների համար բանախոսել է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։
«Հրաշալի է, որ Հայաստանում նման բիզնես ակումբ է ստեղծվել։ Ինֆորմացիայի և գիտելիքի կրողները կիսվում են միմյանց հետ. մեկ համայնքում համախմբվում է ինտելեկտն ու իմաստությունը, մարդիկ գտնում են կապեր, մեկը մյուսին լսելով՝ նոր գաղափարներ են ծնվում։ Ինչպես ընդունված է ասել, մենք հիմա ապրում ենք «պատմության դասագրքում»։ Վերջին շաբաթների ընթացքում մարդկությունն անցավ անհնարին թվացող նոր սահման. հայտնվեց ChatGPT տեխնոլոգիան: Մենք մի քանի տարի հետո կարձանագրենք, որ 2022-23 թվականները մարդկության պատմության մեջ կմնան հեղափոխական և այս փոփոխությունները համեմատվում են ոչ թե ինտերնետի ստեղծման, այլ ավելի մեծ` գրերի գյուտի հետ։ Կան փոփոխություններ, որ բիզնեսում պետք է անել հիմա»,– նշել է «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանը:
«Acba Business Club-ի մեկնարկին կրկին ցանկանում եմ ընդգծել, որ բիզնես համայնքի հետ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, լսել նրանց պահանջները և միասին զարգացնել բիզնես միջավայրը։ Մենք ի սկզբանե մեր հաճախորդներին դիտարկել ենք գործընկերներ և այսօր էլ ցանկանում եմ «գործընկերներ» բառով բնորոշել Acba Business Club-ին միացած գործարարներին»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Acba Business Club-ը մեզ համար այն վայրն է, որտեղ կարողանալու ենք մեկտեղել մեր համախոհներին, լսել ու կիսվել գաղափարներով, ինչպես նաև մարդիկ կկարողանան գործարար կապեր ստեղծել։ Հուսով ենք, որ այս հարթակը կծառայի բիզնեսներին: Մենք համոզված ենք ու վստահ, որ մարդկանց մոտիվացնելու ենք, որ իրենք կիսվեն իրենց փորձով, որը կօգնի փոքր բիզնեսին ավելի լավը դառնալ: Մենք համոզված ենք, որ միասին այս ամենն իրականություն ենք դարձնելու»,– նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Acba Business Club-ը համայնք է, որը հնարավորություն է տալու բիզնեսներին ավելի արագ զարգանալ: Բիզնես ակումբը համալրված է գործիքներով, որը բիզնեսներին հնարավորություն կտա դառնալ ավելի փորձառու և բանիմաց»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:
Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կմասնակցեն բազմաթիվ միջոցառումների, քննարկումների, կլսեն հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների: Ստեղծվում է միջավայր՝ հայկական գործարար աշխարհը զարգացնելու համար։
Ակբա բանկը արդեն տասը տարի փոքր ու միջին ձեռնարկությունների համար իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ, օգնում է ավելի գրագետ բիզնես վարել, ճիշտ որոշումներ կայացնել։ Առաջիկա դասընթացներին ու միջոցառումներին, գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալ հնարավոր է sme.acba.am կայքում, որը թարմացվել է և համալրվել նոր գործիքներով ու բովանդակությամբ՝ դառնալով ուղեցույց գործարար աշխարհի համար։
Մանրամասն՝ տեսանյութում: