27/03/2023 21:55
«Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին առաջարկել է 2024 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Պրագայում անցկացնել ։
«Պրագան կրկին աշխարհի քարտեզին է հայտնվել։ Յենս Ստոլտենբերգին առաջարկել եմ, որ հաջորդ տարի Չեխիան ընդունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո գրել է Լիպավսկին «Թվիթեր»-ում։
Նա հավելել է, որ «Չեխիան ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականության իրականացման ու զարգացման գործում»։
«Մեր ձայնը լսելի կլինի, և արդեն լսելի է» ,- նշել է Չեխիայի ԱԳ նախարարը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու նշված առաջարկը։