27/03/2023 20:50
Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը
Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը և հիշեցրել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։ Նման հայտարարություն է հնչեցրել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Անցյալ տարվա հունվարին միջուկային զենք ունեցող 5 տերությունների ղեկավարներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմ չի կարող սկսվել, դրանում անհնար է հաղթանակ տանել։ Նրանք ընդգծեցին նաև, որ միջուկային զենք ունեցող պետությունների միջև ռազմական հակամարտությունների ռիսկերը անհրաժետ է նվազեցնել»,- ասել է Մաո Նինը։
Նշենք, որ մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, բելառուսական կողմի խնդրանքով, այդ երկրի տարածքում կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը, ինչպես վաղուց վարվում է ԱՄՆ-ն՝ իր դաշնակից երկրների տարածքում տեղակայելով մարտավարական միջուկային զենք։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։