27/03/2023 18:10
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի ծրագրերի վրա Արևմուտքի արձագանքը, անկասկած, չի կարող ազդեցություն ունենալ»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով ՌԴ նախագահի կողմից ավելի վաղ արտահայտված դիրքորոշման մասին։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրաձայնում Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն էլ իր հերթին է իր դաշնակից երկրների տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայում, «այնպես որ Բելառուսի խնդրանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա»։
Ռուսաստանի այս դիրքորոշմանը ԵՄ անունից արձագանքել է կազմակերպության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Բելառուսից հաստատում մենք չենք տեսել։ Եթե դա տեղի ունենա, ապա անպայման կլինեն հետևանքներ։ Դա կնշանակի իրավիճակի սրում և սպառնալիք եվրոպական անվտանգությանը, ինչն անպատասխան չի մնա»,- ասել է Ստանոն։