27/03/2023 18:53
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում նրա աղբյուրը։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ի այս դիրքորոշումը իր աղբյուրը ներկայացրել է «ՌԴ նախագահին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավականորեն անվավեր օրդերների ֆոնին»։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին պաշտոնական Երևանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավականորեն անվավեր օրդերների ֆոնին»,- մասնավորապես, ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Նա հավելել է, որ Երևանին նախազգուշացրել են, որ այս որոշումը չափազանց բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության հետ նրա հարաբերությունների վրա։