27/03/2023 10:09
Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Աբրահամյան
Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները: Դրանում վստահ է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա հավաստմամբ՝ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:
«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումը, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ի՞նչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել, և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ, անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից, շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք, չվերահսկվող տարածք չլինի:
Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ, համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլև ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:
Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:
Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:
Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կան: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: