27/03/2023 11:31
Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթում հանդիպում կազմակերպել Բաքվում` վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին կայացած հանդիպմանն ադրբեջանական կողմի հետ 4 հարց էր քննարկվել։
1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.
2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.
3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.
4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։
Մարտի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հայտարարել էր՝ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց:
«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համա»,- ասել էր նա։