28/03/2023 20:21
Դեղորայք ընդունելու հիմնական կանոնները. Դեղամիջոցների ընդունման կուրսը անպայման պետք է վերահսկվի բժշկի կողմից
Գրեթե բոլորն էլ իրենց կյանքի ընթացքում որոշակի դեղորայք են ընդունում: Դեղորայքը հատուկ ուշադրություն է պահանջում՝ հատկապես օգտագործման ժամանակ: Շատ դեղամիջոցներ պետք է օգտագործվեն միայն բժշկի խորհրդով և նշանակմամբ:
Բայցևայնպես, կան դեղեր ընդունելու ընդհանուր կանոններ։
Եթե դեղերը նշանակվում են օրական մի քանի անգամ ընդունելու համար, ապա դեղաչափերի միջև ընդմիջումը պետք է հաշվարկվի 24 ժամվա հիման վրա.
Դեղերի տեսականին բազմազան է, և որոշ դեպքերում հնարավոր է օգտագործել նույն դեղամիջոցը օրական 1, 2 կամ 3 անգամ, սակայն կարևոր է պահպանել օպտիմալ դեղաչափը։
Ցանկացած դեղամիջոց պետք է ճիշտ ընդունվի՝ դատարկ ստամոքսին, ուտելուց առաջ, հետո կամ ընթացքում, ինչպես նշված է ցուցումներում:
Եթե կոկորդը բուժելու համար նշանակվել են աերոզոլներ՝ ողողումների կամ ներծծվող հաբերի տեսքով, ապա պրոցեդուրայից հետո 1-2 ժամվա ընթացքում (կամ ինչպես նշված է հրահանգներում), խորհուրդ է տրվում չխմել և չուտել:
Դեղերի մեծ մասը պետք է ընդունել մաքուր և չգազավորված ջրով, առնվազն 100 մլ ծավալով: Որոշ դեպքերում ջրի ծավալը կարող է լինել առնվազն 200-250 մլ։
Չի կարելի հաբեր-պատիճներ խմել թեյի, սուրճի, Կոկա-Կոլայի, Պեպսի-Կոլայի, քաղցր հյութերի, սոդայով կամ ալկոհոլով խմիչքների հետ:
Եթե ցուցումներում նշված չէ, թե երբ ընդունել դեղը և ինչպես խմել, նշանակում է, որ դեղի ընդունումը թույլատրվում է ցանկացած պահի, բայց ավելի ճիշտ կլինի օգտագործել սենյակային ջերմաստիճանի ջուր:
Եթե դեղահատը պետք է ծծել, ապա այն չի կարելի ծամել, եթե նշվում է, որ անհրաժեշտ է ծամել, ապա դեղահատը չի կարելի կուլ տալ։
Չի կարելի կիսել նաև պաշտպանիչ շերտ ունեցող դեղերը, քանի որ դրանց վրա առկա շերտը պաշտպանում է դեղամիջոցը ստամոքսի թթվային միջավայրի ազդեցությունից կամ հակառակը: Եթե հաբը չունի բաժանարար շերտ, ապա այն չի կարելի կիսել:
Խորհուրդ չի տրվում միանգամից մի քանի տարբեր հաբեր ընդունել։ Անհրաժեշտության դեպքում պետք է դեղամիջոցները ընդունել 30 րոպեից մինչև 1 ժամ ընդմիջումով։
Էնտերոսորբենտներ (օրինակ՝ ակտիվացված փայտածուխ) և ցանկացած այլ հաբեր ընդունելիս դրանց ընդունման միջև ընդմիջումը պետք է լինի առնվազն 2 ժամ:
Անհրաժեշտ է իրականացնել բուժման ամբողջական կուրս։ Հաճախ մարդիկ, զգալով բարելավում, դադարեցնում են դեղամիջոցի ընդունումը, ինչը սխալ է։
Իսկ որևէ անցանկալի (կողմնակի) ազդեցություն զգալու դեպքում, պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ դեղի հետագա օգտագործման հնարավորության շուրջ:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների, հղիների և կերակրող կանանց, 65-ից բարձր անձանց, վարորդների, մարզիկների կողմից դեղերի ընդունմանը։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել դեղերի պահպանման կանոնները (օրինակ՝ զով տեղում՝ մինչև 18 աստիճան, սառնարանում՝ 2-ից 8 աստիճան, որոշ դեղամիջոցներ հնարավոր չէ սառեցնել, իսկ շատ դեղամիջոցներ էլ պահանջում են մութ և չոր միջավայր) և ստուգել պիտանելիության ժամկետները։ Պահպանման պայմանները և պիտանելիության ժամկետը նշված են դեղերիի փաթեթավորման վրա:
Նախքան դեղը ընդունելը (և գերադասելի է նախքան այն գնելը), պետք է ուշադիր ուսումնասիրել ներդիրը, հրահանգները և համապատասխանեցնել բժշկի ցուցումներին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։