28/03/2023 20:58
Սպիտակուցի ընդհանուր հետազոտություն և կենսանմուշի հանձնում
Արյան ընդհանուր սպիտակուցը օրգանիզմի սպիտակուցային փոխանակության կարևորագույն ցուցանիշն է: Արյան պլազմայի սպիտակուցներն օրգանիզմում կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ, ուստի սպիտակուցների մակարդակը հանդիսանում է կարևորագույն լաբորատոր ցուցանիշ:
Արյան պլազմայի չոր նստվածքում սպիտակուցները կազմում են 6,5 - 8,5%: Արյան պլազմայում ընդհանուր սպիտակուցների խտությունը հիմնականում կախված է դրանց երկու գլխավոր ֆրակցիաների՝ ալբումինի և գլոբուլինի սինթեզի և քայքայման հավասարակշռությունից: Ալբումինը գլխավորապես սինթեզվում է լյարդում, իսկ գլոբուլինները՝ լիմֆոցիտներում:
Արյան պլազմայի սպիտակուցների ֆունկցիաներն են՝
կոլոիդ-օսմոտիկ ճնշման պահպանում,
արյան մակարդելիության ապահովում,
արյան թթվահիմնային հավասարակշության կայունության պահանում,
տրանսպորտային ֆունկցիա՝ լիպիդների, բիլիռուբինի, ստերոիդ հորմոնների տեղափոխում դեպի հյուսվածքներ,
մասնակցություն իմունային ռեակցիաներում«
«սպիտակուցային պահեստի» ձևավորում (քաղցի ընթացքում սպիտակուցները քայքայվում են ամինաթթուների, որոնք օգտագործվում են գլխուղեղի, սրտամկանի և մյուս կենսականորեն կարևորագույն օրգանների սպիտակուցների սինթեզի մեջ),
արյան կատիոնային մակարդակի ապահովում:
Ընդհանուր սպիտակուցի մակարդակի վրա կարող են ազդել մարմնի դիրքը և ֆիզիկական ակտիվությունը: Ընդհանուր սպիտակուցի, ինչպես նաև սպիտակուցային ֆրակցիաների մակարդակը համարվում են կարևոր ախտորոշիչ ցուցանիշներ մի շարք հիվանդությունների ախտորոշման մեջ, հատկապես նյութափոխանակության արտահայտված ախտահարումների ժամանակ:
Ֆիզիոլոգիական հիպոպրոտեինեմիան կարող է դիտվել վաղ տարիքի երեխաների մոտ, հղիության երրորդ եռամսյակում, լակտացիայի և երկարատև անկողնային ռեժիմի ժամանակ:
Ընդհանուր սպիտակուցի կեղծ-բարձրացած մակարդակ կարող է գրանցվել նախաբազկի երակների վրա լարանի երկարատև ձգված վիճակում: Մարմնի հորիզոնականից ուղղահայաց դիրքին անցնելիս կամ ֆիզիկական աշխատանքի դեպքում սպիտակուցների մակարդակը կարող է շուրջ 30 րոպեի ընթացքում բարձրանալ մինչև 10%-ով:
Հետազոտության ցուցումներ՝
սուր և քրոնիկ վարակներ,
կոլագենոզներ,
լյարդի ախտահարումներ,
երիկամների ախտահարումներ,
օնկոլոգիական հիվանդություններ,
սնուցման խանգարումներ,
ջերմային այրվածքներ։
Սպիտակուցի թեսթի համար հանձնվող կենսանմուշն է երակային արյունը, որը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում՝ քաղցած վիճակում։ Ջուր կարելի է ընդունել սովորական ռեժիմով, իսկ նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։