28/03/2023 14:14
Փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ է, երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի այլ թեկնածուներ էլ են դիտարկել, սակայն համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
«Այլ թեկնածուներ, այո, եղել են, տարբեր պատճառներով դրանք չեն կայացել, ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ մի շարք գործոններ են հաշվի առնվել, առաջին հերթին՝ իր պատրաստակամությունը, նաև մեզ դիմել էր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ առաջարկելով Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Մենք էլ որոշեցինք ընդունել կամ լինել խողովակ արտախորհրդարանական ընդդիմության առաջարկի համար»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը համաձայն չէ դիտարկման հետ, որ իրենց թեկնածուն քաղաքականացված անձ է ու, ինչպես նախկին ՄԻՊ-ի դեպքում ընդդիմությունն ասում էր «ՔՊ-ի իրավունքների պաշտպան», այս դեպքում՝ իրենց թեկնածուին են ասելու «ընդդիմության իրավունքների պաշտպան»։
«Ես Քրիստիննե Գրիգորյանին Փաշինյանի իրավունքների պաշտպան էին կոչում, ոչ թե ՔՊ-ի, երկրորդը՝ սա բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է մի պարզ պատճառով, որովհետև աշխարհի բոլոր երկրներում շատ ավելի ընկալելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանը լինի հակակշիռ իշխանություններին։ Այն փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, մանավանդ, հաշվի առնելով, որ ընտրվելու պարագայում պարոն Ղազարյանը կկարողանա պահպանել չեզոքությունը, իսկ երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ, դա է շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը անշնորհակալ գործ է համարում կանխատեսումը, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր»-ը քվեարկելու իրենց թեկնածուի օգտին։
«Կանխատեսել ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի որևէ թիմակցի գործունեություն. ես նման անշնորհակալ գործունեությամբ չեմ զբաղվում»,- հավելեց Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է 2023 թվականի հունվարի 23-ից, երբ հրաժարական ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Մինչ այս պահը, սակայն, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՔՊ-ն որևէ թեկնածու չի առաջադրել։