28/03/2023 15:00
Համարակալելով և հաշվառելով խոշոր եղջերավոր անասուններին՝ վերահսկում ենք նրանց ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ. Հովհաննիսյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալումը, որ մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին, մոտենում է ավարտին։
Մարտ ամսվա տվյալներով՝ արդեն համարակալված է մոտ 450 հազար գլուխ կենդանի, որից 400 հազարը մուտք է արված համակարգ. թիվն օրեցօր ավելանում է։
Համարակալումն, ըստ մասնագետների, միայն կենդանու ականջապիտակն ու արձանագրված թիվը չէ։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այդպիսով հնարավոր է հետևել կենդանու շարժին։
Խոշոր եղջերավոր յուրաքանչյուր կենդանու ականջին ամրացվում է ականջապիտակ՝ հերթական համարով։ Այն չի կրկնվում և նախատեսված է կենդանու ողջ կյանքի համար։ Հերթական համարն իր մեջ պարունակում է կենդանու մասին ողջ ինֆորմացիան՝ տարիք, սեռ, արված պատվաստումների մասին տեղեկություն, կենդանատիրոջ մասին տվյալներ։
Ականջապիտակի ամրացումից հետո բոլոր տվյալները մուտքագրվում են «Անի Պաս» համակարգ՝ ստեղծվում է տվյալների բազա։
«Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման շնորհիվ հնարավոր է լինում վերահսկել կենդանու ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ: Ներբեռնվում են կենդանու մասին բոլոր տվյալները, անցած պատվաստումները։
Համարակալման և հաշվառման համակարգը թույլ կտա վերահսկել և կանխել կենդանիների միջոցով և սննդով փոխանցվող հիվանդությունների տարածումը», - ասաց Հովհաննիսյանը։
Համարակալումն ամբողջովին անվճար է, անասնատերը ոչ մի հարկային բեռ չի կրում և հետագայում էլ չի կրելու։
Այս գործընթացը, ըստ մասնագետների, ձեռնտու է և՛ անասնատիրոջ, և՛ գյուղմթերք վերամշակող ընկերությունների համար։
Այն զգալիորեն կարող է ավելացնել նաև վերամշակված կաթնամթերքի, մսամթերքի արտահանման ծավալը։
Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է, և կենդանիների համարակալումը, մասնագետների գնահատմամբ, այդ գործում կարևոր հենասյուներից մեկն է։