28/03/2023 21:37
Նորվեգիայի դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ․ Սահակաշվիլուն Օսլոյի կողմից պարգևատրելը համազոր են համարում Բրեյվիքին պարգևատրելուն
Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդին կանչել են ԱԳՆ՝ Միխայիլ Սահակաշվիլուն Օսլոյի կողմից «ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարում ունեցած ձեռքբերումների համար» Սյուր Լինդբրեկկեի անվան մրցանակ շնորհելու կապակցությամբ, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։
Նորվեգիայի դեսպանը Վրաստանի ԱԳՆ-ից դուրս գալուց հետո մեկնաբանություններ չի տվել լրատվամիջոցներին։
Միխայիլ Սահակլաշվիլուն նորվեգական մրցանակով պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ Օսլոյում։ Մրցանակը հանձնել են Սահակաշվիլու մորը՝ Գիուլի Ալասանիային և Սահակաշվիլու որդուն՝ Նիկոլոզին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի ուշ հայտարարել է, որ Սահակաշվիլուն նման մրցանակ շնորհելը հավասարազոր է 70-ից ավելի մարդու զոհած նորվեգացի տեռորիստ Անդերս Բրեյվիքին պարգևատրելուն։